ՀՀ Լոռու մարզի Քարաբերդ գյուղը Հայաստանի քիչ բացահայտված բնակավայրերից է։ Այստեղ զարգացման բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք շռայլորեն տրամադրում է հենց բնությունը։ Քարաբերդի գրանիտի մասին բոլորը գիտեն, այն իր որակով աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը, Կրեմլի մերձակա տարածքը պատված է հենց այդ գրանիտով։
Բայց Քարաբերդի միակ հարստությունը քարը չէ։ Քարաբերդի մեղրը իր համային ու որակական հատկանիշներով հայտնի է Հայաստանում։ Արդյունաբերական կենտրոններից բավականին հեռու գտնվելու և ալպիական մարգագետիններին բնորոշ բուսականության շնորհիվ այստեղի մեղրը համարվում է ավելի մաքուր և օգտակար։ Քարաբերդի հայտնի մեղվաբույծներից է Համլետ Գասպարյանը, ով արդեն տևական ժամանակ հայկական շուկա է արտահանում Քարաբերդի անարատ և բնական մեղրը։
Քարաբերդում մեկ այլ հարստություն է հայտնաբերել Լիանա Մելքոնյանը, ով իր նախասիրությունը վերածել է բիզնես նախաձեռնության՝ հայկական շուկա ներմուծելով Karaberd Tea-ն։ Այն իր մեջ ներառում է Լոռվա բարձրադիր շրջաններից հավաքած տասը տեսակի անուշաբույր խոտաբույսերի համադրություն։ Ունի առանձնահատուկ համ և հաճելի բույր, ինչպես նաև հանգստացնող և բուժիչ հատկություններ։ Թեյը մշակվում է ավանդական, բնական եղանակով, առանց քիմիական հավելումների։ Լիանան նշում է, որ իր բիզնես նախաձեռնության նպատակը Քարաբերդի ճանաչելիությունը բարձրացնելն է, նաև՝ իր օրինակով ցույց տալը, որ գյուղն ունի շատ հնարավորություններ և այն ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է հասնել մեծ հաջողությունների՝ առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու։
Քարաբերդի չբացահայտված հարստություններից է 17-րդ դարի դամբարանադաշտը։ Տեղացիները կարծում են, որ նորովի բացահայտելու դեպքում այն կարող է դառնալ զբոսաշրջային հետաքրքրություն և գրավչություն ներկայացնող օբյեկտ։
cvmedia.am քաղաքացիական լրագրող՝ Գայանե Թունյան

